?

Log in

No account? Create an account

Мир у моих ног!

Liberté, égalité, fraternité

Previous Entry Share Next Entry
Ընտրական ցենզեր: Դրանց տեսակները և բովանդակությունը.
vardan22

Անձանց շրջանակը, որոնց սահմանադրությունը և ընտրական օրենքները օժտում են ընտրական իրավունքով, սահմանափակվում են այսպես կոչված ընտրական ցենզերով, այսինքն հատուկ պայմաններով, որով քաղաքացիները իրավունք են ստանում իրականացնել իրենց այս կամ այն քաղաքական իրավունքը:
Դիտարկենք հետևյալ ցենզերը`
Տարիքային ցենզ: Տարիքային ցենզը քաղաքացու ընտրական իրավունքի ճանաչումն է որոշակի տարիք լրանալուց հետո: 109 երկրներում ակտիվ ընտրական իրավունքը վերապահվում է 18 տարին լրացած անձանց: Օրինակ` 18 տարեկանից ընտրելու իրավունք ունեն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, 20 տարեկանից Ճապոնիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, իսկ Բրազիլիայում, Կուբայում, Իրանում, Նիկարագուայում ընտրական իրավունքը սկսվում է 16 տարեկանից: Պասիվ ընտրական իրավունքի համար տարիքային ցենզը ավելի բարձր է: Օրինակ, Իտալիայի նախագահ կարելի է դառնալ 50 տարին լրանալուց հետո: Ժողովրդավարական երկրներում պետական պաշտոններում ընտրվելու և դրանց կազմում մնալու վերին տարիքային շեմ չի սահմանվում:
Նստակյացության ցենզ: Այն ենթադրում է, որ տվյալ անձի համար ընտրական իրավունք է սահմանվում նրանից հետո, երբ ինքը այդ երկրում կամ տեղամասում կապրի որոշակի ժամանակ: Օրինակ, Ֆրանսիայում ցանկացած ընտրությունների մասնակցելու համար պետք է ընտրական տեղամասի տարածքում ապրել 6 տարի, Նոր Զելանդիայում 3 ամիս:
Քաղաքացիության ցենզ: Այն ենթադրում է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ստանում են այն անձինք, ովքեր տվյալ երկրի քաղաքացի են հանդիսացել սահմանված ժամկետից ոչ քիչ: Օրինակ, ըստ ԱՄՆ-ի սահմանադրության` ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ կարող է ընտրվել այն անձը, որը ԱՄՆ քաղաքացի է հանդիսանում 7 տարուց ոչ պակաս, իսկ սենատոր 9 տարուց ոչ պակաս:
Գրագիտության և կրթական ցենզ: Այն ենթադրում է ընտրություններին թույլտվություն միայն այն մարդկանց, որոնք ունեն պահանջվող որոշակի կրթական մակարդակ: Ներկայումս այն գրեթե չի հանդիպում: Գրագիտության ցենզը ենթադրում է կարդալու և գրելու ունակություն մայրենի լեզվով, իսկ երբեմն էլ հասկանալ և բացատրել երկրի սահմանադրությունը: Այս ցենզը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ խոսքը գնում է պասիվ ընտրական իրավունքի մասին: Օրինակ, համաձայն Բրազիլիայի սահմանադրության` անգրագետները չեն կարող ընտրվել:
Կարողության ցենզ: Այն ենթադրում է, որ ընտրողը ունենա ոչ պակաս միջոցներ, որը նախատեսված է կամ նա պետք է վճարի որոշակի քանակի հարկեր: 20-րդ դարում այս ցենզը գրեթե բոլոր երկրներում հանվել է:
Բարոյական ցենզ: Այն ենթադրում է որոշակի բարոյական պահանջներ ընտրողների նկատմամբ: Օրինակ, Իսլանդիայում ընտրողից պահանջում են, որ նա արժանի կենսակերպ վարի և բարոյական վարք ունենա, իսկ Մեքսիկայում չեն քվեարկում այն մարդիկ, որոնք չարաշահում են թմրանյութերը, Նիդեռլանդներում նրանք, ովքեր զրկված են ծնողական իրավունքներից և այլն: Սովորաբար զրկվում են ընտրական իրավունքից այն քաղաքացիները, որոնք դատարանի որոշմամբ գտնվում են ազատազարկման վայրերում (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա):
Կրոնական ցենզ: Այն ենթադրում է, որ անձը լինի որոշակի կրոնի հետևորդ: Օրինակ, Իրանի պառլամենտ կարող են ընտրվել միայն իսլամ դավանող քաղաքացիները:
Սեռական ցենզ: Այն ենթադրում էր կանանց մասնակցության արգելում ընտրություններին: Մինչև 19-րդ դարի վերջը այն գոյություն ուներ գրեթե բոլոր երկրներում: Այժմ այն բոլոր երկրներում արգելված է:
Ռասայական ցենզ: Այն այժմ գոյություն չունի: