?

Log in

No account? Create an account

Мир у моих ног!

Liberté, égalité, fraternité

Previous Entry Share Next Entry
Պետական խորհրդանիշերը որպես առաջընթացի երաշխիք.
vardan22
Աշխարհում յուրաքանչյուր պետություն ունի իր պետական խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, հիմնը և յուրաքանչյուր երկրի այդ խորհրդանիշը յուրովի է իր տեսակի մեջ: Յուրաքանչյուր երկիր ձգտում է դրանց մեջ ներդնել իր ազգային առանձնահատկությունը բնորոշող մասնիկներ, որոնք էլ բազմազան գունային գամմայի համադրությամբ յուրատեսակ խորհրդանիշ են դառնում: Շատ դեպքերում դրոշների վրա պատկերվում են բույսեր, կենդանիներ և նույնիսկ տարատեսակ զենքի տեսակներ: Իհարկե, այդ ամենը պատահական չի արվում և նպատակ է հետապնդում հերթական անգամ պետական խորհրդանիշերը դարձնել վառ ընդգծված ազգային, սակայն որոնց կարելի է համադրել նաև համամարդկայինը:
Կովկասյան երեք հանրապետությունները նույնպես անկախացումից հետո գնացին իրենց առաջին հանրապետությունների դրոշները իրենց նորանկախ պետության խորհրդանիշը դարձնելու ճանապարհով: Դա գուցե առաջին հերթին նպատակ էր հետապնդում ժողովրդի մեջ վերածնել նախկինում ևս անկախ պետություն ունենալու գաղափարը, իսկ հետո էլ ձերբազատվել խորհրդային պետական «ճնշող» խորհրդանիշերից:

Պետք է փաստել, որ Ադրբեջանի պարագայում պետական դրոշը, իսկապես, իր մեջ ներառել է ադրբեջանական ժողովրդին բնորոշող բոլոր առանձնահատկությունները: Համաձայն Ադրբեջանի սահմանադրության` Ադրբեջանի դրոշի կապույտ գույնը հանդիսանում է թյուրքական ժողովուրդների ավանդական գույնը: Այսինքն, այս քայլը ի սկզբանե (սկսած 1918 թ.-ից) նպատակ ուներ նախ ցուցադրել ադրբեջանական էթնոսի թյուրքական ծագումը, իսկ հետո էլ այն, որ ադրբեջանցիները իրենց տեղն ու դերը ունեն թյուրքական ժողովուրդների ընտանիքում:
Ադրբեջանի դրոշի կարմիր գույնը հանդիսանում է առաջընթացի գույնը, այսինքն փորձ է արվում ներդնել ունեցածով չբավարարվելու և միշտ առաջ շարժվելու գաղափարը: Դրոշի մեջ առաջընթացի գաղափարը ներդնելը ինքնին հեռահար նպատակներ հետապնդող քայլ էր:
Ադրբեջանական դրոշի կանաչ գույնը իսլամի գույնն է: Պետք է նկատել, որ կանաչ գույնը առկա է գրեթե բոլոր մահմեդական երկրների դրոշների վրա: Այսինքն, ի սկզբանե Ադրբեջանը իրեն տեսնում էր ոչ միայն թյուրքական ընտանիքի, այլ նաև իսլամական ումմայի մեջ: Իսլամի գույնի ներառումը ևս մեկ անգամ փաստում է, որ չնայած Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, բայց, այնուամենայնիվ, պետությունը հետամուտ է նաև իսլամական արժեքներին, քանզի կրոնը էթնոսին բնորոշող առանձնահատկություններից է: Ադրբեջանական դրոշի կապույտ և կանաչ գույներով փորձ է արվում Ադրբեջանին դուրս բերել «մեկուսացումից» և դարձնել մեկ ընդհանուրի մի մասնիկը` կապույտի դեպքում բարեկամ ժողովուրդների մասնիկ լինելը, իսկ կանաչի դեպքում` կրոնակից ժողովուրդների:
Կիսալուսինը ևս նշանակում է իսլամական ումմային պատկանելը, իսկ ութաթև աստղը նշանակում է ութ թյուրքական ժողովուրդների ճյուղերը: Սրանք ևս բնորոշում են ադրբեջանցիների` կրոնակիցների և ազգակիցների մասնիկ կազմելու ցանկությունը:
Եվ ինչպես գրում է Մ. Է. Ռասուլզադեն, ադրբեջանական դրոշի երեք գույները բնորոշում են թյուրքական ազգային մշակույթը, ժամանկակաից եվրոպական ժողովրդավարությունը և իսլամական քաղաքակրթությունը:
Թերևս, Ռասուլզադեի բնորոշումը ամենատիպիկն էր` միավորել ազգայինը, կրոնականը և համամարդկայինը:

Անկախացումից հետո Վրաստանը ևս գնաց առաջին հանրապետության պետական խորհրդանիշերը վերականգնելու ճանապարհով:
1995 թ.-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց երկրի զինանշանը և դրոշը: Վրասատնի դրոշի մեկնաբանությունը հնչում էր այսպես. «Վրաստանի պետական և ազգային դրոշը իրենից ներկայացնում է հոնագույն ուղղանկյունաձև կտոր, որի վրա ձողի կողմից վերևի անկյունում սև (վերևից) և սպիտակ (ներքևից) շերտեր են»:
1918 թ.-ին հաստատված պետական դրոշի գույները ևս ունեին իրենց մեկնաբանությունը: Համաձայն կովկասա-իբերական ժողովուրդների` այդ թվում և վրացիների դիցաբանության, աշխարհը կազմված է վերին շերտից, որտեղ բնակվում են աստվածները, թռչունները և գերբնական էակները, միջին շերտից, որտեղ ապրում են մարդիկ, կենդանիները և բույսերը և ստորին շերտից, որն էլ հանդիսանում է մահացածների բնակատեղին: Վրացական դիցաբանության երեք աշխարհներին համապատասխանում են սպիտակ, կարմիր և սև գույները:
Ինչպես պարզ երևում է, վրացական դրոշը իր մեջ ներառել էր զուտ դիցաբանական մեկնաբանություններ, չնայած որ արդեն 337 թ.-ից Վրաստանը պետական կրոն էր ընդունել քրիստոնեությունը և վրացական «հեթանոսական» դրոշը ոչ մի եզր չէր կարող ունենալ քրիստոնեական գաղափարախոսության հետ:
Ինչևէ, հենց սկզբից էլ պարզ էր, որ այդ դրոշը երկար կյանք չէր կարող ունենալ և արդեն 2004 թ.-ին Միխայիլ Սահակաշվիլիի կողմից գլխավորվող «Համազգային շարժման» հաղթանակից հետո այդ իսկ շարժման դրոշը հաստատվեց որպես երկրի ազգային դրոշ: Այն իրենից ներկայացնում է սպիտակ պաստառ հինգ կարմիր` մեկ կենտրոնական մեծ և չորս փոքր անկյունային խաչերով: Մեծ խաչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, իսկ չորս փոքր խաչերը` չորս ավետարանիչներին: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, իմաստություն, իսկ կարմիր գույնը քաջություն, արդարություն և սեր: Հեղինակները վստահեցնում են, որ այդ դրոշը օգտագործվել է դեռևս Դավիթ Շինարարի և Թամար թագուհու օրոք: Վերջին երկուսը Վրաստանի պատմության թերևս ամենահզոր տիրակալներն են եղել և նրանց օրոք օգտագործվող պետական դրոշի վերականգնումը իհարկե հին վրացական հզոր պետականությունը վերականգնելու փորձ է: Բացի այդ Սահակաշվիլիի իշխանությունը դրոշի վրայից դուրս էր բերում դիցաբանական տարրը և դրա փոխարեն մտցնում քրիստոնեական տարրեր` դրանով իսկ վկայելով Վրաստանի` որպես քրիստոնեական պետության լինելու փաստը: Պետք է նկատել, որ ժամանակին Վրաստանը փորձում էր դառնալ Կովկասի քրիստոնյա ժողովուրդների առաջնորդ և հավանաբար մինչև այժմ էլ դեռ չի հրաժարվել իր այդ նկրտումներից:
Քրիստոնեական տարրերի ներառումը ազգային դրոշի մեջ Վրատանի կողմից հավանաբար կոչ էր քրիստոնեական Եվրոպային, որ այսուհետ Վրաստանը ևս փորձելու է դառնալ եվրոպական քաղաքակրթության մի մասնիկը: Եվ ինչքան էլ եվրոպացի քաղաքական գործիչները հայտարարեն, որ Եվրոպան քրիստոնեական ակումբ չէ, այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ եվրոպական տիպի ժողովրդավարությունը քրիստոնեական արժեքներից ծնունդ առած գաղափարներ և արժեքներ են:
Բայց, այնուամենայնիվ, պետք է նշել, որ առավոտից երեկո ժողովրդավարության մասին երգեր հորինող Սահակաշվիլու իշխանության կողմից այնքան էլ կոռեկտ քայլ չէր քրիստոնեական խորհրդանիշներ ներառել մի երկրի ազգային դրոշի վրա, որտեղ գործում է կես միլիոնից ավելի հսկայական մահմեդական համայնք: Այդ քայլը իհարկե կարող էր վիրավորել մահմեդականների կրոնական զգացմունքները և նման պարագայում ժողովրադավարության և քաղաքացիների հավասար իրավունքների մասին ոչ մի խոսք գնալ չէր կարող: Բայց, պետք է նկատել, որ Սահակաշվիլիի իշխանությունը շարժվում է ոչ թե երկրի ազգային փոքրամասնություններին գոհացնելու, այլ Դավիթ Շինարարի և Թամար թագուհու ժամանակվա հզոր վրացական պետությունը վերականգնելու ուղղությամբ, ինչը, իրո'ք, գովելի փաստ է:

Հայկական երրորդ հանրապետության ղեկավարությունը ևս անկախացումից հետո գնաց առաջին հանրապետության խորհրդանիշերը վերականգնելու ուղղությամբ: Հետաքրքիր է, թե ի՞նչը դրդեց դաշնակցականներից զզվող հհշ-ական իշխանությանը վերականգնել փաստացիորեն դաշնակցական առաջին հանրապետության խորհրդանիշերը: Հավանաբար այդ ժամանակվա ղեկավարությունը նման բաների մասին մտածելու ժամանակ չուներ և ամեն ինչ արվեց արագ` այդ խնդրից ևս ազատվելու համար:
Ինչևէ, ինչպես վկայակոչում է ՀՀ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Հայկական դրոշի գույները տարբեր շրջանակներում տարբեր կերպ են մեկնաբանվում և շատ հաճախ յուրաքանչյուրը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու այդ պահին: Ինչևէ, ամենաընդունված տարբերակը այն է, որ կարմիր գույնը ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափված արյունն է: Այո', իրո'ք, հաշվի առնելով հայ ժողովրդի երկարամյա ազգային-ազատագրական պայքարը` կարմիր գույնը «իրավունք» ուներ հայտնվել Հայաստանի ազգային դրոշի վրա և այստեղ գրեթե ոչմի առարկություն չի կարելի լինել:
Ինչ վերաբերում է կապույտ գույնին, ապա պետք է փաստել, որ ամենաընդունված տարբերակի համաձայն այն Հայաստանի կապույտ երկինքն է: Հայրենակիցնե'ր, ինչպե՞ս հասկանալ Հայաստանի կապույտ երկինքը… ի՞նչ է Չինաստանում, Արգենտինայում կամ քաղաքակրթությունից ետ մնացած Պապուա-Նոր Գվինեայում երկինքը կանա՞չ է, թե՞ մոխրագույն: Ո'չ, վստահաբար կարելի է ասել, որ երկինքը երկրագնդի ցանկացած կետում էլ կապույտ է և դա այն առանձնահատկությունը չէր, որը կարելի էր զետեղել հինգհազարամյա պատմություն ունեցող երկրի պետական դրոշի վրա:
Իր մեկնաբանությունների անհասկանալիությամբ դեղին կամ նարնջագույն գույնը չի զիջում կապույտին և նույնիսկ կարելի է ասել, որ մի բան էլ դեռ գերազանցում է: Հետաքրքիր է, թե ինչու՞ հենց նարնջագույն. ՀՀ-ն անասելի քանակությամբ նարի՞նջ է արտահանում և դրանից ստացված գումարներն էլ կազմում են մեր բազմաչարչար բյուջեի առյուծի բաժի՞նը: Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության մասին պատմող աշխարհագրության ոչ մի գիրք ոչ մի տեղեկություն չի տալիս այն մասին, որ ՀՀ տարածքում նարինջ է աճում:
Իսկ մեկ այլ` էլ ավելի ընդունված տարբերակը փաստում է, որ Հայաստանի դրոշի դեղին գույնը հայ ժողովրդի ոսկե աշխատանքն է: Կրկին պետք է նկատել, որ ցանկացած պարագայում աշխատանքը ոսկի է` լինի դա հայ ժողովրդինը, թե՞ ասենք Հարավ-Աֆրկյան Հանրապետության տարածքում բնակվող քոչվոր զուլուս ցեղինը: Պետք է համաձայնվել, որ դա ևս այն առանձնահատկությունը չէր, որ կարելի էր զետեղել ՀՀ դրոշի վրա:
Գրեթե ամեն օր մենք` հայերս և մեր ղեկավարները աշխարհին հայտարարում ենք, որ մենք աշխարհի առաջին երկիրն ենք, որը պետական կրոն է ընդունել քրիստոնեությունը: Եթե այդպես է, ապա ինչու՞ մեր դրոշի վրա քրիստոնեությունը հիշեցնող ոչ մի տարր չկա և մեր փոխարեն քրիստոնեական խաչ` այն էլ հինգ հատ, իր դրոշի վրա պատկերում է Վրաստանը և գուցե այս ամենի հիմքում էլ պետք է որոնել այն ջանադրությունը, որով վրացական պետությունը յուրացնում է հայկական եկեղեցիները:
Եվ այս ամենի վերջնական հետևանքն էլ այն է, որ գրեթե ոչ ոքի կողմից հարգանք չկա հայկական դրոշի նկատմամբ: Դրա վառ օրինակը հատկապես կարելի է տեսնել մարզադաշտերում, երբ գետնին նետված հայկական դրոշը ոտնակոխ է արվում հերթական պարտությունից հետո տուն շտապող ֆուտբոլասերների` Բանգլադեշի (ոչ պետության) տոնավաճառից գնված սրածայր կամ դագաղ կոչվող մակնիշի թուրքական ծագումով կոշիկների տակ: Այո', թուրքական կոշիկները տրորում են հայկական դրոշը, իսկ օրինակ հարևան Վրաստանում պետական խորհրդանիշերի օգտագործման կանոնները խախտողները տուգանվում են 50-100 լարիով:
Երբ առաջ է քաշվում հայկական նոր դրոշ ունենալու գաղափարը, շատերը նշում են, որ մեր եռագույն դրոշի տակ է, որ մենք հաղթանակներ ենք տարել, բայց պետք է նկատել, որ այս աշխարհում ոչինչ հավերժական չէ և եթե շարժվում ենք նշված տրամաբանությամբ, ապա կարելի էր հայկական դրոշ դարձնել Արտաշես Առաջինի կամ ասենք Աշոտ Ա Բագրատունու ժամանակվա դրոշները, քանզի այն ժամանակ հաղթանակները ավելի մեծ են եղել:
Ինչևէ, սա խնդիր է, որը երկարատև քննարկումներ է պահանջում և հարկ է, որ այդ քննարկումները վարեն երկրի մտավորականները` ներառելով հասարակական լայն զանգվածներին: